Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 29-ի N 1146-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը (այսուհետ՝ տեսչություն) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է պետական վերահսկողություն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ-իրավական ակտերի պահպանման նկատմամբ:
2. Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացմամբ:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթղեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:
7. Տեսչությունն իր գործունեությունը իրականացնում է՝ համագործակցելով արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի (միավորումների), գործատուների միությունների, իրավապահ մարմինների, հսկողության և վերահսկողության իրավասություն ունեցող հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ պետական և հասարակական կազմակերպությունների հետ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Տեսչության նպատակներն ու խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ-իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ապահովումը.
բ) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման միջոցառումների կազմակերպումը.
գ) աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային իրավունքների և ազատությունների պահպանման և պաշտպանության ապահովումը՝ ներառյալ աշխատանքի անվտանգ պայմանների իրավունքը.
դ) գործատուներին, արհեստակցական միություններին և աշխատողներին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ-իրավական ակտերի պահպանման առավել արդյունավետ միջոցների և մեթոդների, ինչպես նաև առաջավոր փորձի կիրառման մասին տեղեկատվության տրամադրումը:
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Տեսչությունն՝ իր նպատակներին և խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) գործատուների, դրանց միությունների, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների համար կազմակերպում է աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ սեմինարներ.
բ) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուներին, արհեստակցական միություններին` աշխատանքի անվտանգության պաշտպանության գործում կազմակերպում է մեթոդական օգնություն՝ տալով համապատասխան տեղեկատվություն և խորհրդատվություն.
գ) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման կատարելագործման վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում լիազոր մարմին.
դ) վերլուծում է աշխատանքային օրենսդրության խախտումների պատճառները և գործատուին առաջարկություններ ներկայացնում դրանց վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգման վերաբերյալ.
ե) ուսումնասիրում և վերլուծում է աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառները և գործատուին ներկայացնում դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդություններ.
զ) ուսումնասիրում է աշխատատեղում աշխատանքի անվտանգության կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման և շահագործման վիճակը.
է) իր գործունեության ապահովման նպատակով տարին մեկ անգամ՝ ըստ ամիսների, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, գործատուներից ստանում է հաշվետվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին.
ը) աշխատանքի առողջ և անվտանգ նորմատիվների պահանջների խախտման վերաբերյալ փորձագիտական եզրակացության կամ արձանագրված թերությունների մասին ակտի առկայության դեպքում, սահմանում է խախտումների վերացման ժամկետներ` ըստ հաստատված նորմատիվների, սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում ժամանակավորապես դադարեցնում է կազմակերպության կամ դրա առանձին ստորաբաժանման աշխատանքները մինչև խախտումների վերացումը.
թ) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ.
ժ) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում գործատուի մոտ աշխատանքի ընդունման, աշխատատանքային գրքույկների, աշխատատանքային պայմանագրերի և հրամանագրքերի վարման կարգի պահպանման, անօրինական /թաքնված զբաղվածություն/ աշխատանքների կատարման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ:
ժա) օրենսդրությամբ սահմանված կարգով հսկում և վերահսկում է կոլեկտիվ պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքը, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ աշխատողների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ.
ժբ) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում աշխատատեղերում աշխատանքի անվտանգության և աշխատանքի պաշտպանության՝ օրենքով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ:
ժգ) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում արտադրությունում դժբախտ դեպքերի հաշվառման և քննման Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված կարգի պահպանման և օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ.
ժդ) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև կանանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ:
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
Տեսչության պետը Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչն է:
11. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, իր պաշտոնի անձնագրով, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
12. Տեսչության պետը
ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին.
գ) աշխատողի կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող խախտումների հայտնաբերման դեպքում օրենքով սահմանված դեպքերում և կարգով ժամանակավորապես դադարեցնում է կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների գործունեությունը.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
զ) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
է) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ը) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.
թ) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
ժա) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց կողմից կատարված ստուգման արդյունքները.
ժբ) իրականացնում է վերահսկողություն տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժգ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
ժդ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ.
ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում, նրան փոխարինելու հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ:
16. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով: